«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության բաժանմունքում շարունակաբար ներդրվում և կիրառվում են ժամանակակից էնդովասկուլյար տեխնոլոգիաներ՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ և արդյունավետ բուժում։
Կլինիկական դեպք
73-ամյա բուժառուն դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով որովայնի շրջանում պուլսացնող գոյացությունից և ցավերից։
Անամնեզում՝ սրտամկանի տարած ինֆարկտ, կորոնար զարկերակի ստենտավորում, II աստիճանի զարկերակային հիպերտենզիա։
Օբյեկտիվ զննությամբ որովայնի միջին գծով շոշափվել է արտահայտված պուլսացիա։ Ստորին վերջույթների բոլոր մակարդակներում պահպանված է եղել ծայրամասային զարկերակային պուլսացիան։
Կատարվել է որովայնային աորտայի, կոնքի և ստորին վերջույթների համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա (ԿՏ-անգիոգրաֆիա), որի արդյունքում ախտորոշվել է որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի անևրիզմա։
Հաշվի առնելով բուժառուի ուղեկցող հիվանդությունները, բաց վիրահատական միջամտության բարձր ռիսկն ու հնարավոր բարդությունները՝ որոշում է կայացվել բուժումն իրականացնել էնդովասկուլյար եղանակով։
Կատարվել է որովայնային աորտայի ստենտ-գրաֆտի (EVAR) տեղադրում։
Վիրահատությունն անցել է հաջողությամբ։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ՝ առանց բարդությունների։ Բուժառուն դուրս է գրվել ստացիոնարից բավարար ընդհանուր վիճակով՝ ստանալով անհրաժեշտ ցուցումներ և հետագա հսկողության պլան։
Վիրահատությունն իրականացրել են Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռուսլան Պալոյանը և անոթային վիրաբույժ Մեսրոպ Ավետիսյանը։
Ռուսլան Պալոյանի խոսքով՝ EVAR (Endovascular Aneurysm Repair) մեթոդը, որը կիրառվում է որովայնային աորտայի անևրիզմայի բուժման նպատակով, ժամանակակից անոթային վիրաբուժության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։
«Այս մեթոդի ընթացքում ստենտ-գրաֆտը տեղադրվում է անոթի ներսում՝ առանց մեծ կտրվածքի, ինչը զգալիորեն նվազեցնում է վիրահատական վնասվածքը, արյան կորուստը, հետվիրահատական բարդությունների հավանականությունը և կրճատում բուժառուի վերականգնման ժամկետները։ EVAR-ը հատկապես նախընտրելի է այն պացիենտների համար, ովքեր ունեն ուղեկցող սրտանոթային հիվանդություններ և բաց վիրահատության բարձր ռիսկ»,– նշում է անոթային վիրաբույժը։
Նրա խոսքով՝ այս կլինիկական դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ ժամանակակից էնդովասկուլյար տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս նույնիսկ բարձր վիրահատական ռիսկ ունեցող բուժառուներին ապահովել անվտանգ, արդյունավետ և նվազագույն ինվազիվ բուժում՝ բարելավելով նրանց կյանքի որակը և կանխելով կյանքին սպառնացող բարդությունների զարգացումը։